Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ տեսակի ֆինանսական կառույց է Համահայկական բանկը:

Համահայկական բանկը ձեռնարկությունների զարգացման բանկ է: Սա Հայաստանում նոր տեսակի ֆինանսական կառույց է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի մրցունակ և արտահանմանը միտված մասնավոր ձեռնարկությունների զարգացման ծրագրերի երկարատև՝ մինչև 10 տարի ժամկետով, ֆինանսավորմանը:


Ե՞րբ և ինչպե՞ս է հիմնադրվել Համահայկական բանկը:

Համահայկական բանկի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 2007թ.: Այն պայմանավորված էր տեղական ձեռնարկություններում երկարաժամկետ վարկերով կապիտալ ներդրումներ կատարելու անհրաժեշտությամբ՝ հատկապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման բնագավառներում, որոնց հետագա զարգացումը խոչընդոտվում էր երկարաժամկետ ֆինանսավորման սահմանափակության պատճառով:

Բանկի ստեղծման գաղափարն անցավ բազմածավալ քննարկումների ճանապարհ: Այն ուսումնասիրվեց ու քննարկվեց տարբեր ատյաններում՝  ՀՀ կառավարությունում, Նախագահի աշխատակազմում, ՀՀ Կենտրոնական բանկում, Ազգային մրցունակության և Գործարարության աջակցման խորհուրդներում, ինչպես նաև օտարերկրյա գործարարների ու մասնագետների շրջանում: Սակայն, քանի որ նմանատիպ ֆինանսական կառույցի ստեղծման փորձ մեր երկիրը դեռևս չուներ, 2008 թ. դեկտեմբերին ընդունված «Համահայկական բանկի մասին» օրենքը սկզբնապես մշակվեց առևտրային բանկի մոդելի հիմքով:

Համահայկական բանկի կոնցեպցիայի շուրջ շարունակվող ներքին քննարկումները առաջ բերեցին գործող օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

«Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքի հետագա վերանայմամբ, որն ամբողջությամբ ընդունվեց 2011թ. հունիսի 23-ին, հստակեցվեց Համահայկական բանկի գործունեության մանդատը, երաշխավորվեց Համահայկական բանկի անկախությունը պետությունից, ինչպես նաև ապահովվեց Համահայկական բանկի ինքնուրույնությունը՝ վարկեր տրամադրելու և ներդրումներ կատարելու հարցում, առաջնորդվելով զուտ շուկայական կանոններով:

2009 թ. ՀՀ Կենտրոնական բանկը, հանդիսանալով Համահայկական բանկի հիմնադիր, գրանցեց Համահայկական բանկի կանոնադրությունը: Բանկի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2011թ.սեպտեմբերի 7-ին:


Ո՞րն է Համահայկական բանկի առաքելությունը:

Համահայկական բանկի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում մասնավոր ոլորտի մրցունակ միջին ձեռնարկությունների արտադրողականության և արդյունավետության բարձրացմանն ու ինստիտուցիոնալ բարելավմանը՝ զարգացման ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորման միջոցով:

Համահայկական բանկի ուշադրության կենտրոնում են արտահանմանն ուղղված այն ծրագրերը, որոնց գործունեության ու հաջող զարգացման համար պահանջվում է երկարաժամկետ ֆինանսավորում:


Ինչո՞վ է Համահայկական բանկը տարբեր առևտրային բանկերից:

Որպես ձեռնարկությունների զարգացման բանկ, Համահայկական բանկն իր ուղղվածությամբ արմատապես տարբերվում է ավանդական առևտրային բանկերից: Սա նոր տեսակի ֆինանսական կառույց է, որի գործունեությունն ուղղված է ձեռնարկությունների զարգացմանն ու բարելավմանը:

Ի տարբերություն առևտրային բանկերի, որոնք մատուցում են բազմաբնույթ ծառայություններ տարբեր իրավաբանական կարգավիճակ ունեցող հաճախորդների՝ Համահայկական բանկն աշխատում է միմիայն մասնավոր միջին չափի ձեռնարկությունների հետ՝ աջակցելով այդ ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց երկարաժամկետ ֆինանսավորման կարիքները հաճախ չեն բավարարվում առևտրային բանկերի կողմից: Համահայկական բանկը ՉԻ սպասարկում բանկային հաշիվներ կամ վարկային քարտեր, ՉԻ ընդունում ավանդներ, ՉԻ տրամադրում կարճաժամկետ կամ հիպոթեկային վարկեր:

Այսպիսով, Համահայկական բանկը չի մրցակցում առևտրային բանկերի հետ: Ընդհակառակը, Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի համագործակցում է առևտրային բանկերի հետ՝ համատեղ ֆինանսավորման փաթեթներ առաջարկելու նպատակով, որտեղ համեմատաբար կարճաժամկետ և շրջանառու կապիտալի պահանջները բավարարվում են առևտրային բանկերի միջոցներով, իսկ համեմատաբար երկարաժամկետ կապիտալ ներդրումները՝ Համահայկական բանկի միջոցներով:


Ովքե՞ր  կարող են  լինել Համահայկական բանկի հաճախորդներ:

Համահայկական բանկի հաճախորդներ կարող են լինել միայն ՀՀ-ում գրանցված և գործող մասնավոր միջին չափի այն ձեռնարկությունները, որոնք ունեն մրցունակ արտադրանք կամ ծառայություն, ֆինանսական և վարկային դրական պատմություն, պատշաճ մշակված գործարար ծրագիր, ինչպես նաև հմուտ, ուժեղ և հաջողած կառավարման անձնակազմ, որը պատրաստ է առերեսվել ձեռնարկության զարգացմանն անհրաժեշտ բարեփոխումներին: Համահայկական բանկի չափանիշներին դեռևս լիովին չբավարարող ձեռնարկությունները նույնպես կարող են դառնալ հաճախորդ, եթե դրսևորեն անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հստակ պատրաստակամություն:

Հաճախորդների և ներկայացվող ծրագրերի ընտրությունն իրականացվում է ձեռնարկությունների տնտեսական մանրակրկիտ վերլուծությունների հիման վրա:

Համահայկական բանկը չի սպասարկում ֆիզիկական անձանց:

 

Ի՞նչ ծառայություններ է մատուցում Համահայկական բանկը:

Համահայկական բանկն իր հաճախորդներին տրամադրում է մինչև 10 տարի ժամկետով երկարաժամկետ վարկեր՝ ուղղված արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանն ու արդիականացմանը՝ խրախուսելով այդ ձեռնարկությունների անցումը առավել արդյունավետ կառավարման մշակույթի:


Զարգացման ի՞նչ հեռանկարներ է կանխատեսում Համահայկական  բանկը:

Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, սկզբնական շրջանում զարգացման բանկերն ուղղորդված են լինում նախ երկարատև վարկեր տրամադրելուն, ապա ձեռնարկություններին սահմանափակ և ժամանակավոր ներդրումներ կատարելուն, իսկ երկրում կապիտալի շուկայի զարգացման արդյունքում՝ զարգացման բանկերն աստիճանաբար՝ իրենց գործունեության երրորդ կամ անգամ չորրորդ տասնամյակում, վերածվում են ներդրումային բանկերի:

Համահայկական բանկը նույնպես կանխատեսում է անցումային փոփոխություններ՝ գալիք 20 տարվա կտրվածքում: Նման ձևափոխումների հետևանքով այդ ընթացքում կարող են ձևավորվել հավելյալ զարգացման գործիքներ: Օրինակ՝ Համահայկական բանկն այդ ընթացքում, ձեռնարկությունների վարկավորման հետ զուգահեռ, կարող է իրականացնել նաև բաժնետիրական կապիտալի ֆինանսավորում: Բացի այդ, Համահայկական բանկն իր հեռավոր ապագայում կարող է թողարկել արժեթղթեր` լրացուցիչ ֆինանսական միջոցներ հավաքագրելու նպատակով, որպեսզի այն անձինք, ովքեր չեն կարող ուղղակիորեն կատարել ներդրումներ Հայաստանում, օրինակ՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, այս կերպ կարողանան մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը: Այդ փուլում հնարավոր կլինի իրականացնել նաև բնույթով ավելի ռիսկային՝ սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորում: Սակայն, դա հնարավոր կլինի միայն այն դեպքերում, եթե  տվյալ ձեռնարկություններն ունենան փորձված ռազմավարական գործընկերոջ երաշխավորված աջակցություն:

 

Ի՞նչ սկզբունքներով է Համահայկական բանկն իրականացնում իր ֆինանսավորման գործունեությունը:

Համահայկական բանկն իր ֆինանսավորման գործունեությունն իրականացնում է՝ խստորեն հետևելով շուկայի և գործարար միջավայրի չափանիշներին: Այն չի ընդունում պետական պատվերներ և չի մասնակցում պետական ծրագրերի ֆինանսավորմանը: Վարկավորման և ներդրումային ֆինանսական որոշումները կայացվում են միմիայն ծրագրերի խոր վերլուծությունների, գնահատման ռիսկերի կառավարման թափանցիկ ընթացակարգերի հիման վրա:

Նշված սկզբունքները, որոնք ամրագրված են Համահայկական բանկի մասին օրենքով և կանոնադրությամբ, ունեն կենսական նշանակություն՝ Համահայկական բանկի սահուն գործունեության ապահովման համար: Ավելին, միայն այդօրինակ սկզբունքներով առաջնորդվելու դեպքում է հնարավոր ձեռք բերել վարկարժանության և վստահելիության բավարար մակարդակ՝ հետագայում միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված մասնավոր աղբյուրներից երկարաժամկետ ֆինանսական միջոցներ ներգրավելու և պարտատոմսեր թողարկելու համար: 


Ինչպե՞ս է կանոնակարգվում Համահայկական բանկի գործունեությունը:

Համահայկական բանկի գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: 

 

Ինչպե՞ս  կարելի է տեղեկանալ Համահայկական բանկի կողմից  տրամադրվող վարկերի մանրամասներին:

Համահայկական բանկի վարկավորման գործընթացների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք՝ http://panarmenianbank.am/?id=330&lang=am


Թարմացվել է 26 / 03 / 2014 - 14:19