Վարկավորման գործընթացը

Համահայկական բանկի վարկավորման գործընթացը բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից:


Ճանաչում

Ծրագրի ղեկավարը ծանոթանում է Ձեռնարկությանը, նրա գործունեության զարգացման ծրագրին, և ներկայացնում է Համահայկական բանկի ֆինանսավորման հնարավորությունները:

Այս փուլում ճշտվում է ձեռնարկության կողմից ֆինանսավորման համար առաջարկվող ներդրումային ծրագիրը և վերջինիս համապատասխանելիությունը Համահայկական բանկի վարկավորման չափանիշներին:


Նախնական գնահատում

Ծրագրի ղեկավարը կատարում է այցելություններ ձեռնարկություն, ծանոթանում է ծրագրի մանրամասներին: Եթե ձեռնարկության և ծրագրի տեխնիկական, շուկայական և ֆինանսական կողմերի նախնական վերլուծությամբ պարզվում է, որ առկա է վարկավորման իրական հնարավորություն, ապա ձեռնարկությանը խորհուրդ է տրվում պատրաստել և ներկայացնել վարկային դիմումի փաթեթ:


Վարկային դիմում

Ձեռնարկությանը տրամադրվում է վարկային դիմումի ձևը և դիմումի գործընթացի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը: Այս փուլում ձեռնարկությունը ներկայացնում է գնահատման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:


Վերջնական գնահատում և որոշում

Ծրագրի ղեկավարն ամփոփում է ձեռնարկության, ծրագրի և հնարավոր ֆինանսավորման վերաբերյալ վերլուծությունները: Վարկավորման կառուցվածքը և պայմանները բանակցելով և համաձայնեցնելով ձեռնարկության հետ, և ավարտելով բոլոր տեսակի անհրաժեշտ հետազոտությունները՝ Ծրագրի ղեկավարը պատրաստում է գնահատման հաշվետվություն և ներկայացնում է այն Վարկային և ներդրումային մշտական հանձնաժողովին, որը ղեկավարվում է Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի կողմից: Վարկային և ներդրումային մշտական հանձնաժողովը, ուսումնասիրելով վարկի գնահատման հաշվետվությունը, որոշում է կայացնում վարկավորման վերաբերյալ:

Վարկերը տրամադրվում են միայն ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար՝ արտահանմանը միտված արտադրության և ծառայությունների ոլորտներում գործող ձեռնարկություններին: Դիմող  ձեռնարկությունը պետք է լինի շահույթ հետապնդող (առևտրային) կազմակերպություն, վերահսկվի մասնավոր բաժնետերերի կողմից:  Վարկավորման որոշումը կայացվում է` հաշվի առնելով դիմող ձեռնարկության գործունեության պատմությունը, ներդրումային ծրագրի  համապատասխանությունը Բանկի քաղաքականությանը, ձեռնարկության ֆինանսական կայունությունը, վարկային պատմությունը, կառավարման կարողությունները, թափանցիկությունը և մի շարք այլ գործոններ:

Վարկային դիմումները մերժվում են հիմնականում կախված թե' դիմող ձեռնարկության վարկունակության գնահատականներից (ընթացիկ և կանխատեսվող ֆինանսական վիճակի, պարտքերի սպասարկման կարողության, իրացվելիության, ապահովվածության և այլն), և թե՛ ներկայացված ներդրումային ծրագրի իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատականներից: Մերժման հիմք կարող է հանդիսանալ դիմող ձեռնարկության կողմից ներկայացված ծրագրի տեխնիկական, շուկայական, ֆինանսական և կառավարման ուղղություններից ցանկացած մեկով բացահայտված այնպիսի ռիսկեր, որոնք ծրագիրը դարձնում են անիրագործելի և անկենսունակ:  

Եթե Բանկի Վարկային և ներդրումային մշտական հանձնաժողովի կողմից վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում վարկային պայմանագրի փաթեթի ստորագրումը տեղի չի ունենում, ապա վարկի տրամադրման որոշումը կորցնում է իր ուժը:


Պայմանագրի կնքում

Վարկային պայմանագրի կնքման համար հավաքագրվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացվում են բոլոր իրավական գործառույթները, որից հետո իրավաբանների կողմից պատրաստվում է պայմանագրերի վերջնական փաթեթը և տեղի է ունենում պայմանագրերի ստորագրումը Համահայկական բանկի և ձեռնարկության միջև: 


Վարկի հատկացում

Վարկի հատկացումները կատարվում են վարկառուի կողմից փաստացի կատարված ներդրումների դիմաց՝ փոխհատուցման եղանակով կամ մատակարարներին ուղղակի փոխանցման միջոցով՝ համապատասխանաբար պահանջվող փաստաթղթերի ներկայացման հիման վրա:

Վարկային միջոցների հատկացումներն իրականացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի օգտագործման ուղղություններով` Վարկի հատկացումների ուղեցույցի պահանջները բավարարող ընդունելի ծախսերի դիմաց: Յուրաքանչյուր հատկացումը ստանալու համար հաճախորդը ներկայացնում է համապատասխան դիմում: Հատկացումները կատարելիս հաշվի են առնվում նաև ծրագրի նախորդ փուլում կատարված ներդրումների արդյունքները:


Ծրագրի իրականացում և վերահսկում

Վերահսկման նպատակով Բանկն իրականացնում է կանոնավոր այցելություններ, իսկ ձեռնարկությունը տրամադրում է ինչպես կատարողական, այնպեսև ֆինանսական հաշվետվություններ:


Վարկի մարում

Ձեռնարկությունն իրականացնում է վարկային պայմանագրի ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարի և տոկոսի մարումներ:


Այլ մանրամասներ

Վարկավորման վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կարող է տևել 2 շաբաթից մինչև 2 ամիս՝ ելնելով դիմող ձեռնարկության պատրաստվածության աստիճանից, լրացուցիչ արտաքին փորձագետների ներգրավման անհրաժեշտությունից:

Վարկավորման գործընթացի բոլոր փուլերում անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կարելի է ստանալ Ծրագրի ղեկավարից: 

 

Վարկային դիմումի ընդունման, ուսումնասիրման, վարկային պայմանագրի կնքման, վարկի ապահովման (գրավի, երաշխավորության) պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և դիմող (վարկառու) կազմակերպության կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկն իր մեջ ներառում է.


Կազմակերպության բնութագրին առնչվող փաստաթղթեր

  • Կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճեն,
  • Տեղեկանք պետական ռեգիստրից կանոնադրության և գրանցման վկայականի վերջին փոփոխության վերաբերյալ,
  • Արժեթղթերի հաշվի օպերատորի կողմից տրամադրված տեղեկանք հիմնադիրների/բաժնետերերի կազմի վերաբերյալ (բաժնետիրական ընկերությունների համար),
  • Խոշոր հիմնադիրների/բաժնետերերի և տնօրենի անձնագրերի պատճեները,
  • Արտոնագրեր, թույլտվություններ և/կամ լիցենզիաների պատճեները (եթե կազմակերպությունը զբաղվում է լիցենզավորման ենթակա գործունեությամբ),
  • Գործունեության ծավալման վայրի սեփականության վկայականի/վարձակալության պայմանագրերի պատճեները,
  • Տեղեկանք ՀՀ դատական դեպարտամենտից՝ կազմակերպության դատական պրոցեսների վերաբերյալ,
  • Տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից՝ պետական բյուջեի հանդեպ կազմակերպության ժամկետանց պարտավորությունների մասին:


 Գործունեության և ներդրումային զարգացման ծրագրերի վերաբերյալ  փաստաթղթեր

  • Ընկերության ռազմավարական զարգացման ծրագիրը, ներառյալ 5 տարվա բիզնես ծրագիրը (կապիտալ ներդրումային ծրագիրը, ներառյալ ծրագրի տեխնիկական, շուկայական և այլ իրագործելիության վերլուծությունները և գնահատականներն ու ֆինանսական կանխատեսումները (պահանջվող վարկի ժամկետին համապատասխան),
  • Նախորդ 3 տարիների ֆինանսական հաշվետվությունները՝ ՖՀՄՍ համապատասխան,
  • Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման հիմնական պայմանագրերը,
  • Տվյալներ առանցքային անձնակազմի վերաբերյալ՝ աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումը:

  

Գրավադրվող գույքի և գրավատուի վերաբերյալ փաստաթղթեր

  • Գրավադրվող գույքի Գնահատման ակտերը,
  • Գրավադրվող գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը և(կամ) սեփականության ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթուղթը, ձեռք բերման հիմքերը,
  • Սեփականատիրոջ անձնագիրը, ամուսնության վկայականը, ամուսնու անձնագիրը (երբ կիրառելի է),
  • Միասնական տեղեկանք կադաստրից՝ գրավադրվող անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ,
  • Գրավի առարկայի հետ առնչվող այլ փաստաթղթեր  - գրավադրվող սարքավորումների հաշիվ – ապրանքագիր, առքուվաճառքի պայմանագիր:

 

Կառավարման մարմնի որոշումներ

  • Ընդհանուր ժողովի/Խորհրդի որոշումը վարկ ստանալու վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում):

 

Վարկավորման գործընթացում, ներառյալ վարկային դիմումի փաթեթի ուսումնասիրման ընթացքում, դիմումատուից (վարկառուից) կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր:

 

Թարմացվել է 26 / 03 / 2014 - 15:13