Մեր մասին

Համահայկական բանկը ձեռնարկությունների զարգացման բանկ է, որը հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Սա Հայաստանում նոր տեսակի ֆինանսական կառույց է, որի նպատակն է իրականացնել արտահանմանը միտված մասնավոր ձեռնարկությունների ներդրումային ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորում՝ հավաքագրելով անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները զարգացմանն ուղղորդված ներքին և արտաքին տարբեր աղբյուրներից:

Համահայկական բանկը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող մասնավոր հատվածի ձեռնարկություններին՝ տրամադրելով երկարաժամկետ վարկեր: Հետագայում Բանկը, վարկավորման հետ զուգահեռ, կարող է իրականացնել նաև բաժնետիրական կապիտալի ֆինանսավորում՝ նախապես համաձայնեցված ելքի ռազմավարությամբ: Մեր գործունեությունն ուղղված է արտադրող և արտահանող տեղական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը և արդիականացմանը՝ խրախուսելով նրանց անցումը առավել արդյունավետ կառավարման մշակույթի: Բանկը նաև աջակցելու է սփյուռքահայ ներդրողների  ձեռնարկատիրական գործունեությանը Հայաստանի Հանրապետությունում:

Համահայկական բանկը առևտրային բանկ չէ. մենք չենք սպասարկում հաշիվներ, չենք ընդունում ավանդներ և չենք տրամադրում վարկեր ֆիզիկական անձանց: Բանկն աշխատում է միայն իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների հետ՝ աջակցելով նրանց երկարաժամկետ ներդրումային ծրագրերին,  որոնց ֆինանսավորման կարիքները հաճախ չեն բավարարվում առևտրային բանկերի կողմից: Համահայկական բանկը ձեռնարկությունների ֆինանսավորման գործում առևտրային բանկերի հետ մրցակցության մեջ չէ: Ընդհակառակը, Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի համագործակցում է առևտրային բանկերի հետ՝ համատեղ ֆինանսավորման փաթեթներ առաջարկելու նպատակով: Համատեղ ֆինանսավորման փաթեթները հնարավորություն են տալիս ձեռնարկություններին համեմատաբար կարճաժամկետ և շրջանառու կապիտալի պահանջները բավարարել առևտրային բանկերի ռեսուրսների հաշվին, իսկ համեմատաբար երկարատև կապիտալ ներդրումները՝ Համահայկական բանկի ֆինանսավորման միջոցներով:

Բանկի գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Բանկն իր ֆինանսավորման գործունեությունն իրականացնում է շուկայի և գործարար միջավայրի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան: Համահայկական բանկում վարկավորման և բաժնետիրական կապիտալի ֆինանսավորման որոշումները կայացվում են միմիայն ծրագրերի խոր վերլուծությունների, գնահատման և ռիսկերի կառավարման թափանցիկ ընթացակարգերի հիման վրա: 

Համահայկական բանկն ապագայում նախատեսում է թողարկել պարտատոմսեր՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ արտաքին աղբյուրներից, հատկապես սփյուռքից հավաքագրելու նպատակով: Իր գործունեության ինքնուրույնությունն ապահովելու նպատակով Համահայկական բանկը չի ներգրավում ֆինանսավորման ռեսուրսներ քաղաքական օրակարգով առաջնորդվող աղբյուրներից և ուղղորդվում է զուտ տնտեսական և շուկայական կանոններով:

 

Խորհրդի անդամները

Ղեկավար անձնակազմը

Համահայկական բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքը

Վարվելաձևի սկզբունքները

Փաստաթղթեր

Տեսանյութեր

Թարմացվել է 05 / 12 / 2016 - 10:53